Պատրաստ են ՌԴ-ից և Ղազախստանից ներմուծված ցորենի որակի ցուցանիշների լաբորատոր հետազոտության արդյունքները, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ ՌԴ-ից ներմուծված նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։
Նշվում է, որ ներմուծված ցորենի նմուշները ենթարկվել են որակական փորձաքննության՝ ըստ սպիտակուցի զանգվածային մաս, սոսնձանյութի քանակություն, խոնավություն և զգայաբանական (գույն, հոտ) ցուցանիշների:
Ղազախստանի ազգային հացահատիկի օպերատոր «Պրոդկորպորացիա» ազգային ընկերությունը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի առաջին խմբաքանակը բաղկացած էր 4-րդ կարգի պարենային ցորենից։ Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել էր Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
Նոյեմբերի 6-ին ռուսական ցորենով բեռնված գնացքն էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:
Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը ժամանակավրեպ էր համարել խոսակցությունները, թե ղազախական ցորենի Հայաստան գալով հացի, ապա նաև այլ մթերքների գինը նվազելու է:





































