Երևանի ներկայիս գործողություններն առայժմ չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Աղասանդյանի խոսքով՝ Եվրոպական միությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունները ներկայումս ընդամենը «քաղաքական հայտարարություններ» են։
«Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵԱՏՄ բոլոր անդամներն են դա անում։ Գլխավորն այն է, որ նման համագործակցությունը չհակասի Միության շրջանակներում իր պարտավորություններին։ Առայժմ այդպես չէ»,- ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։
Ի պատասխան՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել էր, որ Եվրասիական տնտեսական համայնքի հետ կան պայմանավորվածություններ, «մենք այդ ուղղությամբ ենք աշխատում, ոչինչ չենք խախտում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







