ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տնտեսվարողներին ժամանակավոր հարկային արտոնություններ տալու համար դիմել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով համատեղ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակված նախագծով առաջարկվում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում, որը տնտեսվարողներին թույլ կտա ընթացիկ տարում օգտվել արտոնյալ հարկային ռեժիմից՝ շահութահարկի, դրա կանխավճարների և շրջանառության հարկի մասով։
Մարուքյանը տեղեկացրել է, որ առաջարկը կապված է COVID-19-ի համաճարակով ու արտակարգ դրությամբ թելադրված իրավիճակի հետ, որտեղ տնտեսվարողներն ունեն և/կամ ունենալու են իրացվելիության լուրջ խնդիր։
«Կառավարությանն առաջարկել ենք նախաձեռնությունը ներկայացնել համահեղինակությամբ, քանի որ ՀՀ Սահմանադրության ուժով՝ օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված սուբյեկտներից միայն Կառավարությունը կարող է անհետաձգելի համարել օրենքի նախագիծը, միաժամանակ՝ Կառավարությունն է մշակում և ընդունում հակաճգնաժամային միջոցառումները։
Պատասխանն ստանալուն պես, այն կհրապարակայնացնեմ այստեղ»,- նշել է նա։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/3752342088170824
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







