Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին։ Նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ։
Նախագծի ընդունման հնարավոր հետևանքների մասին Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ։
Նրա կարծիքով՝ նախագծի ընդունման հետևանքը կլինի Հայաստանում գործարարությամբ զբաղվելուց հրաժարվելը։
«Ընդհանրապես տնտեսվարող սուբյեկտների համար ու տնտեսական շրջանառության համար այն վատ հետևանք կարող է ունենալ, որովհետև խախտվում է ոչ միայն առևտրային գաղտնիքի ռեժիմը, այլև ամբողջ սուբյեկտների վերաբերյալ տոտալ ճակատային վերահսկողություն է իրականցվում, որն ընդհանրապես համատեղելի չէ արտադրության կամ գործունեության անընդհատությունն ապահովելու պարագայում»,- նկատեց նա։
Տնտեսագետի խոսքով՝ այս նախագիծը պետք է դիտարկել որպես մյուս օրենքների շարունակություն, որոնցով իրականացնում են գաղտնալսում, բռնագանձում։
«Սա նեոբոլշևիզի տարբերակն է, որով աշխատում են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց «պատին դեմ տալ»»,- ընդգծեց Բոստանջյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







