ՀՀ Կառավարության արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։ Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
-բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
-էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այս միջոցառման համար շահառու են հանդիսանում 222 հազար բնակիչ բաժանորդ, սակայն նախատեսում են նրանց թիվը հասցնել 300 հազար։
Կառավարության հաստատած 11-րդ հակաճգնաժամային ծրագրին անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Պատգամավորը նկատել է, որ միտումնավոր, կամ ոչ այնքան մեդիա դաշտում շրջանառվում է, որ կոմունալների մասով կառավարության 50% աջակցությունը չի վերաբերվում մեծ հաշվով որևէ մեկին, ուստի ընդգծել է, որ Հայաստանում փետրվարին հոսանքի գծով 5000 դրամից ցածր սպառում ապահոված բաժանորդների թիվը գերազանցում է 222000-ը, փետրվարին գազի գծով 10000 դրամից ցածր սպառում ունեցող բաժանորդների թիվը գերազանցում է 215000-ը։
«Քանի որ տեսնում եմ, որ մանիպուլյացիաներ են կատարվում հատուկ շեշտենք, որ նշված չափանիշներին բավարարվելու դեպքում կապ չունի՝ փետրվարի գումարը վճարել եք, թե՝ ոչ։ Եթե վճարել եք, ապա այս գումարները կդառնան կանխավճար, իսկ եթե չեք վճարել ապա Ձեր փետրվարի պարտքը այդ չափով կնվազի» ,- նշել է նա։
Պատգամավորն ընդգծել է, որ այս միջոցառման շահառուներն են վերոհիշյալ չափանիշներին բավարարող բոլոր բաժանորդները անկախ նրանց այս կամ այն փաթեթում ներառված լինելու հանգամանքից։ Օրինակ, եթե հղիության մասով օգտվել եք ու փետրվարին հոսանքի գծով 5000 դրամից ցածր սպառում եք ունեցել կստանաք և հղիության գումարը, և այս աջակցությունը։
«Ի լրումն, եթե փետրվարին գազի գծով 10000 դրամից ցածր սպառում եք ունեցել կստանաք և հղիության գումարը, և հոսանքի մասով աջակցությունը, և գազի մասով աջակցությունը»,- եզրափակել է Մանուկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







