ՀՀ Կառավարության արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը։ Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝
-բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը,
-էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը:
Աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այս միջոցառման համար շահառու են հանդիսանում 222 հազար բնակիչ բաժանորդ, սակայն նախատեսում են նրանց թիվը հասցնել 300 հազար։
Թեմային անդրադարձել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ ընդգծելով, որ թվերը ճոխացված են։ Իր ֆեյսբուքյան էջում, Պարսյանն ընդգծել է, որ փետրվար ամսվա դեպքում մինչև 10000 ՀՀ դրամ բնական գազի և մինչև 5000 ՀՀ դրամ էլեկտաէներգիայի սպառման չափերը շատ ցածր են ընտրված։ Բայց, ըստ տնտեսագետի, առավել ուշագրավ է այն փաստը, որ ծրագրի շահառու են հանդիսանում 200 հազար բնակիչ բաժանորդ։
«Իրականում 200 000 բաժանորդ-ընտանիք կամ 600 000 մարդ չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից, քանի որ շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով և տարբեր պատճառներով բազմաթիվ բաժանորդներ այս տարվա փետրվար ամսին բնական գազ և էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել, հետևաբար, զրոյական հաշիվների դեպքում զրոյական աջակցություն են ստանալու կառավարությունից։ Բայց արի ու տես, նրանք դարձան կառավարության աջակցության ծրագրի շահառու»,- նկատել է տնտեսագետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







