Չորեքշաբթի՝ ապրիլի 8-ին, Ժնևում ներկայացված Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում նշվում է, որ համաշխարհային առևտուրը 2020 թվականին կարող է 13-32 տոկոսով ընկնել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով, փոխանցում է EADaily-ն:
ԱՀԿ-ն համաշխարհային առևտրի նվազման ակնկալվող տեմպերի տոկոսային մեծ տարբերությունը հիմնավորել է համաշխարհային տնտեսության վրա համաճարակի ազդեցության գնահատման հետ կապված դժվարություններով: Ընդ որում, ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն պնդում է, որ եթե երկրները համագործակցեն վերականգնման հարցում, ապա նրանք ավելի արագ ոտքի կկանգնեն, քան եթե նրանք փորձեին ինքնուրույն դուրս գալ դժվարություններից:
ԱՀԿ-ի տվյալներով՝ համաշխարհային առևտուրը հաջորդ 2021 թվականին կարող է աճել 21-24 տոկոսով, եթե համաճարակը հաղթահարվի և արդյունավետ պետական միջոցներ ձեռնարկվեն:
Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՀԿ-ն 2,7 տոկոսով համաշխարհային առևտրի աճ էր ակնկալում 2020 թվականի համար: Դա նշանակում էր 0,1 տոկոսով նվազում նախորդ տարվա ցուցանիշների համեմատությամբ, մասամբ ամերիկա-չինական առևտրային պատերազմի պատճառով դանդաղեցման և գլոբալ տնտեսական աճի նվազման պատճառով: Սակայն 2020 թվականին հետևեց գլոբալ տնտեսության և միջազգային առևտրի կտրուկ նվազեցումը, որի արդյունքները ԱՀԿ-ն այժմ գնահատում է մոտավորապես և բավական լայն սահմաններում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







