Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108 հազար դրամ, ընդ որում՝ աշակերտների թվից կախված՝ որոշ դպրոցների աշխատավարձը կարող է ավելի բարձր լինել։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կրթական ոլորտի ձեռքբերումներին ու սպասվելիք ծրագրերին։
«2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցական երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու նոր կարգը, որի համաձայն՝ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում»,-նշել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այդ նպատակով՝ պետբյուջեից 3․5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու։
«Այս ծրագրով օրական մոտ 500 դրամ փոխհատուցում է տրամադրվում 3000 ուսուցիչների և 1000 աշակերտների»,-նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայության վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր։ 2019 թվականին կազմակերպվել է վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ2498 ուսուցչի համար, որն անցկացվել է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար։
Կառավարության ղեկավարի ներկայացված տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից գործում է հանրակրթական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։
«Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք միջազգային առարկայական օլիմպիադաների, միջազգային դպրոցական և այլ օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ են կամ ՀՀ առարկայական հանրակրթական օլիմիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ»,-նշել է նա։
Վարչապետի փոխանցմամբ՝ կրթաթոշակների չափը տատանվելու է ամսական 5-25 հազար դրամների սահմաններում։ Պետական կրթաթոշակ կտրամադրվի հայաստանցի երիտասարդ ձեռներեցներին՝ Սիլիկոնյան հովտում ուսանելու համար, իսկ ընտրված 45 երիտասարդ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությւունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







