ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, տեղի ունեցած նիստում որոշեց Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից՝ 2020թ. 18,7 մլրդ ՀՀ դրամ, 2021թ. 31,5 մլրդ ՀՀ դրամ և 2022թ. 13 մլրդ ՀՀ դրամ:
Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որ առնվազն չգերազանցեն ռուսական վարկի օգտագործման դեպքում ՀԱԷԿ-ի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը:
Կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, երկարաձգել է նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը։ ՀՀ ՏԿԵՆ-ն ծրագրի իրականացման համար պետք է իրականացնի «Ռոսատոմ»-ի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում՝ կնքելով համաձայնագիր, որի գինը չի կարող գերազանցել 40 255 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Հայաստանը որոշել է հրաժարվել Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրվող ռուսական վարկից՝ հայտնելով, որ կիսատ մնացած աշխատանքները ՀՀ-ն կիրականացնի սեփական միջոցներով։
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել էր` 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին տարեկան 3 % տոկոսադրույքով վարկի տրամադրման մասին համաձայնագրերը (300 մլն ԱՄՆ դոլար, որից 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ):
Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման աշխատանքըները, համաձայն պայմանագրի, իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս»-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







