Հայաստանի կառավարությունը մտադիր է 250 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ Զարգացման ֆրանսիական գործակալությունից (AFD)։ Համաձայնագրի նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։
250 մլն եվրոյի բյուջետային աջակցությունն AFD-ի և Ասիական զարգացման բանկի (ADB) համաֆինանսավորմամբ իրականացվող եռամյա ծրագրի առաջին ենթածրագրի մաս է։ Նախագծի համաձայն՝ ADB-ի կողմից նախատեսվում է նաև մինչև 250 մլն դոլարի համաֆինանսավորում։
Զարգացման ֆրանսիական գործակալության 250 մլն եվրո վարկը տրամադրվելու է բյուջետային աջակցության նպատակով և ուղղվելու է 2026 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը։ Կառավարությունից նշել են, որ միջոցների ժամանակին ստացումը կարևոր է բյուջեով նախատեսված ծախսերը ֆինանսավորելու համար։
Ըստ հիմնավորման՝ եռամյա ծրագիրը նախատեսում է բարեփոխումներ հանրային ֆինանսների և պետական պարտքի կառավարման, ֆինանսական շուկաների ու մասնավոր հատվածի զարգացման ոլորտներում։ Կառավարության ներկայացմամբ՝ նպատակներից մեկն արտաքին ֆինանսավորումից Հայաստանի կախվածության նվազեցումն է։
Վարկը տրամադրվելու է 20 տարով՝ 5 տարվա արտոնյալ ժամկետով։ Դրանից հետո մայր գումարը կմարվի 15 տարվա ընթացքում՝ տարին երկու անգամ կատարվող 30 հավասար վճարումով։
Վարկի տոկոսադրույքը դեռ հայտնի չէ․ Հայաստանը կարող է ընտրել ֆիքսված կամ փոփոխվող տոկոսադրույք, իսկ վերջնական չափը կորոշվի համաձայնագրի ստորագրումից 10 օր առաջ։
Բացի տոկոսներից, նախատեսված են նաև լրացուցիչ վճարներ։ Վարկի գնահատման համար Հայաստանը պետք է վճարի ամբողջ գումարի 0,5%-ը՝ 1,25 մլն եվրո, և ևս 0,5%՝ 1,25 մլն եվրո, որպես միանվագ միջնորդավճար։ Եթե վարկի մի մասը համաձայնագրի ստորագրումից վեց ամիս անց դեռ ստացված չլինի, չստացված գումարի համար կգանձվի տարեկան 0,5% վճար։
Կարդացեք նաև՝
Հայաստանի պետական պարտքը կազմել է 13,9 մլրդ դոլար․ Հովհաննիսյան
Հայաստանը Համաշխարհային բանկից և ԱԶԲ-ից շուրջ 350 մլն դոլարի վարկ կվերցնի
Հայաստանի պետական պարտքը 3 ամսում ավելացել է 11 մլրդ դրամով
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







