Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող միջոցառումները սովորական գործընթաց են և կապված են նոր բերքի ու նոր արտադրանքի ստուգման հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հայկական ներմուծման նկատմամբ որևէ սահմանափակում չի մտցրել, իսկ իրականացվող աշխատանքը բնական և կանոնավոր վերահսկողության մաս է։
«Հիմա շուկա է մտնում նոր բերք, նոր արտադրանք և, բնականաբար, աշխատանքի ընթացքում տարբեր հարցեր կարող են առաջանալ»,- ասել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը նշել է, որ նոր բերքն ստուգվում է նաև սպառողների անվտանգության տեսանկյունից։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պարտավոր է պաշտպանել իր սպառողներին և համոզվել, որ ներմուծվող արտադրանքում չկան վնասատուներ, հիվանդություններ կամ այլ գործոններ, որոնք կարող են վտանգ ներկայացնել ինչպես սպառողների, այնպես էլ տեղական արտադրության համար։
«Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է»,- նշել է Օվերչուկը։
Մոսկվայից հնչող քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակներ, մրգերի և բանջարեղենի որոշ տեակներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների պատճառով տուժած բիզնեսին։


































