Վենեսուելացի, հայկական ծագմամբ դիրիժոր Դոմինգո Հինդոյանն ու նրա կինը՝ բուլղարացի օպերային երգչուհի Սոնյա Յոնչևան թողարկել են իրենց առաջին համատեղ Diptyque ալբոմը, հայտնում է երգչուհու պաշտոնական կայքը։
Ալբոմը լույս է տեսել հոկտեմբերի 30-ին Onyx Classics լեյբլով։ Այն ձայնագրվել է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի գլխավոր դիրիժորը Հինդոյանն է։ Ձայնագրությունը կատարվել է 2025 թվականի փետրվարին Լիվերպուլի Philharmonic Hall-ում, և այն Յոնչևայի դեբյուտն է Onyx Classics-ում։
Ալբոմը միավորում է ռոմանտիզմի դարաշրջանի երկու կոմպոզիտորի՝ իտալացի Ջուզեպպե Մարտուչչիի և ֆրանսիացի Ժոզեֆ Կանտելուբի վոկալ և նվագախմբային ստեղծագործությունները։ Յոնչևան կատարում է Մարտուչչիի La canzone dei ricordi («Հիշողությունների երգ») ցիկլը, որը բաղկացած է յոթ երգից և պատմում է կորցրած սիրո հիշողությունների մասին, ինչպես նաև Կանտելուբի Triptyque-ի երեք երգերը, որոնք վերաբերում են ամառին, լուսնի լույսին և արշալույսին։ Ծրագրում ընդգրկված են նաև Մարտուչչիի Notturno նվագախմբային ստեղծագործությունը և Կանտելուբի Vers la princesse lointaine սիմֆոնիկ պոեմը, որը ձայնագրվել է առաջին անգամ աշխարհում։
Diptyque («Երկպատկեր») անվանումը վերաբերում է երկու ինքնուրույն գեղարվեստական աշխարհների, որոնք կազմում են մեկ ամբողջություն։ Հինդոյանի և Յոնչևայի դեպքում այն արտացոլում է նաև նրանց հարաբերությունները՝ որպես ամուսինների և ստեղծագործական գործընկերների։ Ալբոմի գրքույկում նրանք գրում են, որ այդ տարածքում ապրում են որպես ամուսին և կին, երգչուհի և դիրիժոր՝ երկու ինքնուրույն զգայունություն, որոնք ձգվում են դեպի ընդհանուր հորիզոն։ Յոնչևան ալբոմը նվիրել է իր ուսուցչուհի Դանիել Բորստին։
Հինդոյանը հուլիսին ստանձնել է Լոս Անջելեսի օպերայի (LA Opera) երաժշտական ղեկավարի պաշտոնը։ Նրա հնգամյա պայմանագիրը նախատեսված է մինչև 2030/31 թվականի սեզոնի ավարտը։ Հոկտեմբերին նա այդ պաշտոնում բացել է իր առաջին սեզոնը՝ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությամբ։
Լոս Անջելեսից բացի՝ Հինդոյանը շարունակում է մնալ Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





