Հայաստանը մանկական հեղինակային երգի միջազգային հեռուստատեսային «Մեր սերունդ — 2026» (Our Generation) մրցույթում կներկայացնի 12-ամյա Լեոն, որը նախկինում մասնակցել է «Մանկական Եվրատեսիլին»։
Մրցույթի եզրափակիչը նոյեմբերի 20-ին կանցկացվի Տաշքենդում։ Այդ մասին նշվում է նախագծի պաշտոնական կայքում։
Մրցույթն առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանից դուրս։ Տաշքենդում հանդես կգան երեխաներ և դեռահասներ տարբեր երկրներից, նրանց թվում՝ ԲՐԻԿՍ-ի և Աֆրիկայի երկրներից։ Սա մրցույթի չորրորդ եզրափակիչն է. նախորդ տարիներին այն անցկացվել է Մոսկվայում և Կազանում։
Լեոն երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին է։ 2024 թվականին Մադրիդում նա ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»՝ «Cosmic Friend» երգով։
Բեմական ելույթներից բացի՝ Լեոն փորձել է իրեն նաև կինոյում. «Մոլորվածը» (Заблудившийся) գեղարվեստական ֆիլմում նա մարմնավորել է Արամին։ Նա նաև կիթառ է նվագում, զբաղվում է ֆուտբոլով, լողով և թենիսով։
«Մեր սերունդը» առաջին անգամ անցկացվել է Մոսկվայում՝ 2023 թվականին։ Մրցույթը հանդիսատեսին ծանոթացնում է տարբեր երկրների երիտասարդ կատարողների և երգերի հեղինակների հետ, աջակցում է երիտասարդ արտիստներին և նպաստում ազգային մշակույթների պահպանմանը։ Մասնակիցը պետք է ներկայացնի նոր ստեղծագործություն և կա՛մ ինքը մասնակցի դրա ստեղծմանը, կա՛մ լինի դրա հեղինակը։
Նախորդ տարիներին Հայաստանը ներկայացրել են Սաթի Սարգսյանը (Սատտի)՝ «Սեր դեպի Հայաստան» երգով 2023 թվականին, երբ ռուսական ժյուրին նրան տվել է բարձրագույն միավորը (20 միավոր), Մակար Ղազարյանը՝ «Ես և դու» ստեղծագործությամբ՝ 2024-ին, և Յանա Ստեփանյանը՝ «Հավատա» երգով՝ 2025-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



