Կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում հավանություն տվեց «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը» «Հայաստանի ազգային պատկերասրահին» միավորելու` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծին։
Նշվում է, որ թանգարանը կվերակազմակերպվի և կդառնա Հայաստանի ազգային պատկերասրահի «Սոցիալիստական մշակույթների թանգարան» մասնաճյուղ։ ԿԳՄՍՆ-ից հստակեցրել են, որ վերակազմակերպման արդյունքում տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն, և թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի կարգավիճակով։
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ վերակազմակերպման նպատակը թանգարանների միասնական կառավարման քաղաքականության իրականացումն է, որն ուղղված է արդյունավետության բարձրացմանը։ Նախարարությունից հավելել են, որ հաստիքների կրճատում չի լինի, տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։
«Թանգարանի հիմնական նպատակը կլինի սոցիալիստական մշակույթի առաջացման և զարգացման գործընթացի ընթերցումները՝ կերպարվեստի, դիզայնի, կինոյի և ճարտարապետության նյութերի և թեմատիկորեն փոփոխվող մշտական ցուցադրության միջոցով»,- ասված է նախագծում։
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը բացվել է 1982 թվականի դեկտեմբերի 16-ին, առկա է 886 թանգարանային առարկա։






































