Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ փոխանցվել է Հայաստանի ազգային պատկերասրահին և ներկայացվել ցուցադրության, հայտնել է Քննչական կոմիտեն (ՔԿ)։
Ցուցադրությանը ներկա են գտնվել ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրանք ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում Խաչատրյանից առգրավված և պատկերասրահին հանձնված կտավների ցուցադրությանը։
ՔԿ-ից հավելել են, որ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված 70 կտավը սեպտեմբերի 11-ի որոշմամբ էր իրեղեն ապացույց ճանաչվել և հանձնվել Ազգային պատկերասրահին։
Ներկայացված աշխատանքների թվում են հայ նկարիչներ Ռաֆայել Մեգալի, Զուլում Գրիգորյանի, Սարգիս Մուրադյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Արսեն Շաբանյանի և Վարդան Մախոխյանի ստեղծագործությունները։ Բաշինջաղյանը համարվում է հայկական կերպարվեստում ռեալիստական բնանկարի հիմնադիրներից մեկը։ Հավաքածուն ներառում է նաև բնանկարներ, ծովանկարներ, ինչպես նաև ժամանակակից արվեստի գործեր։
Խաչատրյանին ձերբակալել էին սեպտեմբերի 1-ին, ավելի ուշ՝ կալանավորել։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պետական բյուջեի միջոցները վատնելու, փողերի լվացման հոդվածներով: Խաչատրյանն անցնում է նաև ապօրինի գույքի գործով։ Պաշտպանական կողմը նրա առողջական վիճակի և կալանքի պայմանների հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







