Օգոստոսի 30-ին Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում մեկնարկում է «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնը, որն այս տարի նվիրված է հայ երգիչ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։
Միջոցառումը բացօթյա է, մուտքն ազատ է։ Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես է գալիս ավելի քան 20 խումբ՝ ներգրավվելով շուրջ 500 արտիստ։ Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։
«Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։ Ծրագրում կլինեն Հայաստանը ներկայացնող կատարումներ՝ մեծ տեղ տալով Մուրադյանի փոխանցած մշակութային ժառանգությանը:
«Գութան»-ի հիմնական նպատակն է պահպանել ու տարածել հայկական ազգային երգերն ու պարերը, դրանք ճանաչելի դարձնել հատկապես երիտասարդությանը և փոխանցել ապագա սերունդներին։
«Գութանը» Հայաստանում անցկացվում է 2014 թվականից։ Նախաձեռնությունը ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանինն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







