Վինսենթ վան Գոգի՝ ականջը կտրելուց հետո բուժում ստանալիս նկարված կտավներն առաջին անգամ կցուցադրվեն Լոնդոնի Courtauld պատկերասրահում, հայտնել է The Guardian-ը։
Նկարիչն «Արլի հիվանդանոցի բակում» և «Արլի հիվանդանոցի բաժանմունքում» աշխատանքները նկարել է 1889 թվականին։ Դրանք այն երկու գործերն են, որոնք պոստիմպրեսիոնիստն ստեղծել է Ֆրանսիայի հարավում գտնվող Արլ քաղաքի հիվանդանոցում։
Ըստ կայքի՝ 1920-ականներին նկարները ձեռք է բերել շվեյցարացի կոլեկցիոներ Օսկար Ռայնհարթը, որի մահից հետո աշխատանքները դարձել են նրա հավաքածուի մի մասը Շվեյցարիայի Վինթերթուր քաղաքում։
Կայքի տվյալներով՝ Ռայնհարթի Am Römerholz վիլլայում գտնվող թանգարանը հանրության առաջ բացվել է 1970 թվականին։ Տարածքը ներկայումս ժամանակավորապես փակ է շինարարական աշխատանքների պատճառով։ Հետևաբար, նախկինում չցուցադրված կտավները կփոխանցվեն Courtauld-ին՝ «Գոյա դեպի իմպրեսիոնիզմ. գլուխգործոցներ Օսկար Ռայնհարթի հավաքածուից» ցուցահանդեսի համար, որը կգործի փետրվարի 14-ից մայիսի 26-ը, հայտնել է լրատվականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







