«Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցն իր էջում գրում է, որ սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչն է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Փառատոնի իրականացմանն աջակցում են Լոռու մարզպետարանը, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանը, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն, ինչպես նաև Տերյան Մշակութային կենտրոնը։
«Բագրատունյաց ժառանգություն» փառատոնի ընթացքում միջնադարյան ուտեստների պատրաստման վարպետաց դաս կանցկացնի Սեդրակ Մամուլյանը, բացի այդ, կներկայացվի «Արքունական տարազների ցուցադրություն»՝ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։
Նշենք, որ «Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոցը գտնվում է Լոռվա Բերդ գյուղում: Այս վայրը սեպտեմբերի 29-ին կվերածվի միջնադարյան կոլորիտ ունեցող վայրի, որտեղ կհնչեն ազգային նվագարաններ, փառատոնը կուղեկցվի պարային համարներով, ինչպես նաև ներկա կլինեն մի շարք հայտնի ռոք բենդեր։
Փառատոնի մուտքն ազատ է և բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ շունչ է ունեցել միջնադարյան Հայաստանը, կարող եք սեպտեմբերի 29-ին ուղևորվել Լոռի բերդ՝ մասնակցելու փառատոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







