Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում գտնվող նահանգային հողային կադաստրի երկրորդ շենքը թանգարանի կվերածվի: Այս մասին գրում է Gazete Duvar պարբերականը:
Նոր թանգարանում կներկայացվեն այն իրերը, որոնք ներկայացված էին Սուրբ Սոֆիայի տաճարում մինչ դրա` թանգարանից մզկիթի վերածվելը:
Ստամբուլի նահանգի մշակույթի և զբոսաշրջության հարցերով պատասխանատու Ջոշքուն Յըլմազը տեղեկացրել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով հողային կադաստրի երկրորդ շենքն անցել է մշակույթի և զբոսաշրջության նախարարության տրամադրության տակ:
«Ստամբուլից և տարբեր շրջաններից Սուրբ Սոֆիայի տաճարում հավաքված պատմական իրերը կտեղափոխվեն այստեղ: Այն ցուցադրական հարթակ կլինի տաճարում թանգարան եղած ժամանակ հավաքված իրերի համար: Շենքը կծառայի որպես թանգարան: Մենք սպասում ենք, որ մեր ընկերներն արագ կլքեն շենքը: Շենքի տարհանումից հետո մեր նախարարության աշխատակիցները կսկսեն աշխատանքները»,-ասել է Յըլմազը:
Նշվում է, որ Ստամբուլի հողային կադաստրի երկրորդ շենքը կառուցվել է 1910 թվականին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







