Բրիտանական թագավորական ընտանիքի արքայադուստր Մարգարետի թոռը՝ Սեմ Չատտոն, ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ նկարչուհի Էլեանոր Էքսերջյանին, հայտնել է փեսացուն Instagram-ի իր էջում։
«Ես իսկապես ուրախ եմ հայտնել, որ Էլլին և ես նշանադրվել ենք։ Ավելի երջանիկ լինել հնարավոր չէ։ Ես ամուսնության առաջարկ արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով»,- գրել է Չատտոն։
Չատտոն խեցեգործ նկարիչ է և Էքսերջյանի հետ միասին իրենց հեղինակած «Երևակայական բնապատկերներ» (Imagined Landscapes) նախագծի շրջանակում շուրջ մեկ ամիս շրջել է Հայաստանի տարածքով, ծանոթացել հայկական պատմամշակութային ժառանգությանը և բացառիկ ճարտարապետական կոթողներին։ Սեմը և Էլեանորը շուրջ մեկ ամիս տևած աշխատանքներն ամփոփել են ցուցադրությամբ։
Էքսերջյանը ծնվել է ականավոր արվեստագետների ընտանիքում։ Նա հայտնի արվեստի պատմաբան, պրոֆեսոր Դավիթ Էքսերջյանի դուստրն է։ Դավիթ Էքսերջյանը Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության վաստակավոր պրոֆեսոր է։
Էլեանորի պապը գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանն էր, որի ընտանիքը պատկանում էր Օսմանյան կայսրության ազդեցիկ հարուստ հայերի դասին։ Գնդապետ Էքսերջյանը Գալուստ Գյուլբենկյանի կողմից հիմնադրված Իրաքի նավթային ընկերության գործադիր տնօրենն էր։ Էլեանորի մայրը Սյուզան Մուրը Financial Times պարբերականի արվեստի քննադատն է։





































