Թուրքիան և Ադրբեջանը փախլավայի պատրաստման ավանդույթները ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համատեղ հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ, նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում։
Հայտը վերաբերում է ոչ թե հենց փախլավային՝ որպես ուտեստի, այլ դրա պատրաստման հետ կապված արհեստագործական գիտելիքներին և մշակութային ավանդույթներին։
ՌԲԿ-ն գրել է, որ հայտը ներկայացվել է Հունաստանի հետ փախլավայի ծագման շուրջ վեճի ֆոնին։ Թուրքական իշխանությունները դրական որոշում են ակնկալում՝ նշելով, որ այն, ըստ իրենց, կկանխի Հունաստանի կողմից փախլավան սեփական մշակութային ժառանգություն ներկայացնելու փորձերը։
Հունաստանը պնդում է, որ մեղրով, ընկույզով և բարակ խմորով քաղցրավենիքը հայտնի էր դեռ Բյուզանդիայում և Էգեյան կղզիներում՝ մինչև Օսմանյան կայսրության ձևավորումը։ Թուրքկական կողմն էլ նշում է, թե փախլավայի ժամանակակից տեսքը ձևավորվել է օսմանյան պալատական խոհանոցում։
ՌԲԿ-ն նշել է, որ Թուրքիայում փախլավան սովորաբար պատրաստվում է մեծ քանակությամբ պիստակով կամ ընկույզով և օշարակով, Իրանում՝ հիլով ու զաֆրանով, Ադրբեջանում՝ անթթխմոր խմորից, ընկույզով և համեմունքներով։ Պարբերականն առանձին անդրադարձել է հայկական փախլավային․ նշվում է, որ այն առանձնանում է միջուկում դարչինի և աղացած մեխակի օգտագործմամբ, ինչպես նաև պատրաստման ավելի բարդ նախապատրաստական գործընթացով։ Հայկական ավանդական տարբերակներից առավել հայտնի է Գավառի փախլավան։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգծում է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվում են ոչ թե ուտեստները, այլ սերնդեսերունդ փոխանցվող մշակութային պրակտիկաները՝ դրանց պատրաստման, մատուցման կամ օգտագործման ավանդույթները։ Ցանկում արդեն ներառված են, օրինակ, հայկական լավաշի ու դոլմայի, ինչպես նաև իտալական նեապոլիտանական պիցցայի և ֆրանսիական բագետի պատրաստման ավանդույթները։
Թուրքիայի մասնակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազմազգ գրանցումների թվում են թեյի մշակույթը, ինչպես նաև լավաշի, կատըրմայի, ժուպկայի և յուֆկայի պատրաստման ու հյուրասիրության մշակույթը։ Միևնույն ժամանակ, լավաշի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ում 2014 թվականին առանձին գրանցվել էր Հայաստանի հայտով։ Ադրբեջանը, իր հերթին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում առանձին գրանցում ունի նաև դոլմայի պատրաստման և հյուրասիրության ավանդույթի վերաբերյալ։
Փախլավայի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը՝ Չինաստանի Սյամեն քաղաքում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։






































