Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում՝ Ռուսաստանի հրապարակում, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագնի արձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նշվում է, որ հուշարձանի՝ քաղաքի կենտրոն վերադարձը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է՝ իրականացված ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ: Անդրեասյանն ընդգծել է, որ Վահագն Վիշապաքաղի հուշարձանը դրվում է իր հաստատուն մշտական տեղում, քանի որ ժողովրդի և հասարակության համար խորհրդանշական ուղերձ և իմաստ պարունակող կերպարը մարմնավորող քանդակը չի կարող «թափառել» մի տեղից մյուսը:
Նախարարի խոսքով՝ հուշարձանները հանրային կյանքի կարևոր բաղադրիչ են, և այս համատեքստում նախորդ ուսումնական տարվանից մեկնարկել է նախաձեռնություն, ըստ որի՝ հուշարձանները դպրոցականների հատուկ ուշադրության և հոգածության ներքո են: Յուրաքանչյուր դպրոց ունի իրեն կցված հուշարձան, որի խնամքն ու մաքրությունն իրականացնում է ուսումնական տարվա ընթացքում՝ որպես արտադասարանական կրթության բաղադրիչ։
Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ քանդակը կդառնա ոչ միայն քաղաքաշինական միջավայրի անբաժան մասը, այլև քաղաքացիների և դպրոցահասակների ամենօրյա հոգածության առարկան:
Շնորհակալություն հայտնելով բոլոր կողմերին նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Ավինյանն ընդգծել է՝ այն խորհրդանիշները, որոնք խոսում են մեր ժողովրդի արժանապատվության և հաղթանակի մասին, իրենց արժանի տեղը պետք է ունենան քաղաքի կենտրոնում: Նա առանձնակի կարևորել է արձանի հեղինակի՝ Նուրիջանյանի աշխատանքը։
«Նուրիջանյանն ստեղծել է կերպարներ, որոնք դարձել են մեր ազգային ուժի դիմադրողականության և արժանապատվության խորհրդանիշները։ Այսօր մենք ոչ միայն Վահագնին ենք վերադարձնում իր արժանի տեղը, այլև Նուրիջանյանին ենք վերադարձնում իր արժանի գնահատականը»,- ասել է նա:
Իրադարձությանն առանձնակի հուզմունքով է անդրադարձել Նուրիջանյանի զարմուհին՝ Ռուզաննա Ադամյանը՝ ընդգծելով, որ արձանի վերատեղադրումն արժանի գնահատական է քանդակագործին:
«Իմ ցանկությունն է, որ Վահագնի ուժը, քաջությունը, հպարտությունը, հաղթանակը և արևը սփռվեն հայ ժողովրդի վրա։ Նուրիջանյանների գերդաստանի անունից շնորհակալություն եմ հայտնում այս որոշման համար, որը նոր շունչ է տալիս հուշարձանին»,- ասել է նա:
Նուրիջանյանի Վահագն Վիշապաքաղ հուշարձանն ստեղծվել է 1968 թվականին և 1969 թվականին տեղադրվել Մաշտոցի պողոտայում։ 1970-ականների կեսերին որոշ ժամանակ արձանը գտնվել է Հայաստանի նկարիչների միության հարևանությամբ, իսկ 1980-ականների սկզբներին՝ Էջմիածնի խճուղու մոտ։ Վերականգնված և ներսից ամրացված արձանը 2004 թվականի դեկտեմբերի 19-ին տեղադրվել էր Երևան-Էջմիածին մայրուղու կամրջի մոտ: Այժմ այն կրկին վերադարձել է մայրաքաղաքի կենտրոն։






































