Քրիստոնեական եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներն «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովի ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում և ամբողջ աշխարհում տիրող ներկայիս դժվարին կացության, հատկապես արցախահայերի բռնի տեղահանության, Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիների, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի առնչությամբ, հայտնում է Մայր Աթոռը։
Համաժողովը կայացել է սեպտեմբերի 3-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ։ Մասնակցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց պատրիարքությունների, ինչպես նաև քույր եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։
Միջեկեղեցական հավաքին քննարկվել են նաև քրիստոնեական միասնությանն առնչված հարցեր, ինչպես նաև եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները։ Ժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը քրիստոնեական սիրով, միասնաբար և համատեղ տեսլականով ամեն ջանք գործադրել ի խնդիր ժողովուրդների ու ազգերի միջև խաղաղության, արդարության ու համերաշխության հաստատման։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 3-ին ասել էր, որ հայ գերիները շուրջ երկու ամիս է՝ գտնվում են լիակատար մեկուսացման մեջ, և միջազգային որևէ անկախ կազմակերպության թույլ չի տրվել նրանց տեսնել։ Իրավապաշտպանը պարզաբանել էր, որ նրանց պահման պայմանների, ֆիզիկական և հոգեբանական վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։






































