ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ վիրտուալ երթին մասնակցելու 400 հազարից ավելի անուն ազգանուն է ստացվել: «Ընդգծեմ, որ Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուները, որի վրա արտապատկերվելու են մեր անուն ազգանունները, ոչ թե մահարձան են, այլ կոչվում են «Հավերժության տաճար»։ Վիրտուալ երթը, ըստ այդմ, խորհրդանշելու է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունը։
Վարչապետը գրել է, որ հաղորդագրություն գրելիս պետք է հետևել մի շարք կանոնների, որպեսզի հաղորդագրությունը չֆիլտրվի և ցուցադրվի հուշահամալիրի սյուներին:
- Հնարավորության դեպքում գրեք հայատառ,
- Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն և ազգանուն,
- Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն,
- Հայաստանից և Արցախից ուղարկված յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 1 դրամ է, հաղորդագրությունն ուղարկելիս ավտոմատ կստանաք պատասխան հաղորդագրություն,
- Արտասահմանից ուղարկված հաղորդագրության սակագինը հաշվվում է ըստ երկրների և օպերատորների՝ ստանդարտ եղանակով,
- Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանալու։ Հաղորդագրությունների ընդունումը շարունակվում է»,- գրել է վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







