Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։
Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Հարգելի գործընկերներ, այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում ենք մեր հակաճգնաժամային միջոցառումները, և քանի որ հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը, որոշեցինք հանդիպել նաև ոլորտի հետ անմիջական առնչություն ունեցող գործընկերների հետ և հասկանալ, թե ինչ անելիքներ և օպերատիվ լուծման խնդիրներ ունենք՝ երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ կտրվածքով։ Փորձենք այսօր պայմանավորվածություններ ձեռք բերել և որոշումներ կայացնել մեր առաջիկա անելիքների վերաբերյալ»:
Վարչապետը խոսքը փոխանցել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, ով անդրադարձել է գյուղատնտեսության խթանման նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակին և ոլորտի ընդհանուր վարկային պորտֆելին: Ապա նախարարը ներկայացրել է որոշակի ճյուղերի զարգացման նպատակով մշակված առաջարկները, որոնք ներառում էին անասնապահության, այգեգործության, տնկարանային տնտեսության, տոհմային անասնաբուծության և այլ ուղղություններով ծրագրերի, կիրառվող գործիքակազմի շրջանակի ընդլայնման, օժանդակության ծավալի, վարկային ռեսուրսների ավելացման գաղափարներ և այլն։
Ապա ներկայացվել է կառավարության հաստատած 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղատնտեսական տարվա կանխատեսման աշխատանքներին։ Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, ջրի, դիզվառելիքի պահանջարկի, առկա ծավալների, գնագոյացման գործընթացների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն, նշվել է, որ ներմուծվող պարարտանյութի դեֆիցիտ չկա, անհրաժեշտ պահանջարկը բավարարելու համար առկա է բավարար խմբաքանակ։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրության կենտրոնում պահել գյուղատնտեսական տարվա նախապատրաստման հետ կապված աշխատանքները և հետևել դրանց պատշաճ իրականացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







