ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է այս օրերին շատ քննարկվող թավիշի և իշխանության թավշյա գործելակերպի մասին:
«Պետական կառավարման համակարգում հին կադրերը, որոնք կոռումպացված իշխանության տարիներին երկար ժամանակ գործունեություն էին ծավալել, հեղափոխությունից հետո նրանք շարունակել են գործել և շատերը մինչև հիմա գործում են: Ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ դա մեր գաղափարախոսությունն էր: Թավիշը և վենդետայի բացակայությունը շարունակում է մեր գաղափարախոսությունը մնալ: Հեղափոխությունից հետո կադրային ջարդ չեղավ, հեղափոխությունը շանս էր բոլորիս, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների համար, որ փոխվենք դեպի լավը:
Այս ընթացքում եղել են մարդիկ, ովքեր այդ շանսից օգտվել են, և եղել են մարդիկ, ովքեր չարաշահել են այդ շանսը: Եվ այն մարդիկ, ովքեր չարաշահել են այդ շանսը, պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից:
Արդեն 2 տարին է լրանում, որ ես ՀՀ վարչապետ եմ, և ես զարմացած եմ, թե մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է արմատացած մեր մեջ: Ցավոք սրտի, սա իմ ունեցած ամենատխուր եզրակացությունն է»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ մաֆիոզ մտածողություն ասելով նկատի ունի ինչ-որ ազդեցության ոլորտ, եկամտի ինչ-որ աղբյուր կիսելը:
«2 տարվա իմ վարչապետության ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ այն, որ ես ոչ մի վայրկյան չեմ տրվել «կիսելու» այդ տրամաբանության մեջ և դրա պատճառով էլ հասունանում է դժգոհությունը: Խորքային իմաստով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետև այն փայերը, որի ակնկալիքներն ունեին շատ-շատերը, այդ փայի բաժանումը տեղի չի ունենում»,- ասել է նա և շեշտել, որ սա իրենց ընթացիկ քաղաքական պրոցեսի ամենակարևոր առանձնահատկությունն է:
Փաշինյանի խոսքով՝ «թավիշն» է իրենց բերել հաջողության, ու իրենք երբեք չեն պատրաստվում բռնի ուժով իշխանությունն իրենցով անել կամ ուժային որևէ լծակների վրա հիմնվել։ «Մենք իշխանությունում կմնանք այնքան, մինչև դուք դա այլևս չուզեք»,-ասել է Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







