Չինաստանից բժշկական գույք և սարքավորումներ բերելու համար պարբերաբար թռիչքներ կազմակերպելու համար սփյուռքահայերը դրամական աջակցություն են ցուցաբերել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը հայտնեց, որ Չինաստանից երեկ Հայաստան տեղափոխված բժշկական պարագաների ձեռքբերման գումարի կեսը հավաքագրվել էր Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների օժանդակության արդյունքում։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ գումարը հավաքագրվել է հետևյալ կազմակերպություններից՝ Էդուարդո Էռնեկյանի ընկերություններից՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ, «Կոնվերս բանկ», «Կարաս» գինիներ, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամից, «Սուրբ Սարգիս մարդասիրական հիմնադրամից», «Հայ բարեգործական ընդհանուր միությունից», «Իզմիրլյան հիմնադրամից»։
«Թռիչքի մի մասը ֆինանսավորել էր Պարենի միջազգային ծրագիրը։ Մենք փակեցինք ծախսերի մոտ կեսը, իսկ մնացած գումարները հատկացվեցին «Իմ քայլը» հիմնադրամից, նաև պետական ռեսուրսներից»,- ասաց Սինանյանը միաժամանակ՝ վստահեցնելով, որ նման ծրագրերը շարունակական կլինեն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







