Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը։
Մարզպետը նշել է, որ վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։
«Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է Սարգսյանը։
Մարզպետն ընդգծել է, որ կարևոր է շարունակել խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։
«Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»,- նշել է Գագիկ Սարգսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







