Ռուսաստանի դաշնությունում գտնվող 220 ՀՀ քաղաքացի ապրիլի 6-ին կկարողանա վերադառնալ հայրենիք: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ռուսաստանում հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը` հավելելով, որ հնարավոր է ևս մեկ նման չարտերային թռիչք լինի ապրիլի 7-ին՝ նույնքան ուղևորներով:
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ոչ մի ՀՀ քաղաքացի դրսում, կամ սոված չի մնացել, բոլորին տեղավորել ենք ՀՀ դեսպանության, ՌԴ-ում Հայերի միության եւ Հայերի միավորման համատեղ ջանքերի միջոցով»,-ասել է նա:
Տոնոյանը նշել է, որ վերադարձի տոմսերը բավական թանկ են (16 000 ռուբլի), քանի որ ՌԴ-ն ունի որոշում, որ չի ընդունելու իր քաղաքացիներին: «Եթե համաձայնեին, այդ դեպքում ինքնաթիռը դատարկ չէր վերադառնա և տոմսն էլ բավական էժան կլիներ»,-նշել է նա՝ հավելելով, որ իրենք աջակցում են ՀՀ քաղաքացիներին, նաև Հայաստանի Կառավարությունն է աջակցելու:
Դավիթ Տոնոյանի խոսքով` հնարավոր է երրորդ չարտերային թռիչք կազմակերպվի ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հետ կապված:
Նշենք, որ ապրիլի 2-ին չվերթների հետաձգման պատճառով ՀՀ քաղաքացիները չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Դեսպանությունը կապվել էր քաղաքացիների հետ եւ փորձել լուծել խնդիրը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







