Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ ճգամաժամային պայմաններում կառավարությունը պետք է վերանայի ներդրումային առաջարկներին արձագանքելու գործիքներն ու արագությունը: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։
«Սա պետք է լինի մեր օրակարգի կարևոր հարցերից մեկը, որպեսզի համոզվենք, որ ներդրումային առաջարկները, հատկապես հետճգնաժամային շրջանում, պատշաճ արագությամբ և մակարդակով քննարկելու ենք: Այսինքն խնդիրը հետևյալն է. ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը, որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի և դա մեզ համար կենսական պահանջ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև ներկայացվել են տնտեսության տարբեր ճյուղերին օժանդակությանը և զարգացմանը վերաբերող առաջարկություններ և գաղափարներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հեռավար ուսուցման հասանելիության ապահովման վերաբերյալ առաջարկություն, որով նախատեսվում է անապահով ընտանիքների երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու համար պետական աջակցությամբ վերջիններիս ապահովել ինտերնետ կապով և պլանշետներով: Գաղափարն արժանացել է հավանության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







