1.«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում կտրուկ էժանացել է բենզինի գինը՝ 430 դրամից հասնելով 330 դրամի: Սա պայմանավորված է միջազգային շուկայում նավթի համաշխարհային գների աննախադեպ անկմամբ: Սակայն անհասկանալի է դիզվառելիքի գնի գրեթե անփոփոխ մնալը, ինչը շատ կարևոր է հատկապես գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար: Գյուղտեխնիկան աշխատում է բացառապես դիզելային վառելիքով: Այս խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Փաշինյանը, սակայն էական տեղաշարժ չկա»:
2. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովն առաջիկա տարիների ընթացքում ավելացնելու է ծախսերը։ Դա պարզ է դառնում 2021-2023 թվականների անելիքներն ու պահանջվող ֆինանսներն ուսումնասիրելիս։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է առաջիկա երեք տարիների համար նախատեսված աշխատավարձերի, պարգեւատրումների, այլ ծառայությունների համար նախատեսված գումարները: Եվ այսպես, 2019 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլրդ 414 մլն 632 հազար դրամ, 2020 թվականին այն կազմում է 3 մլրդ 53 մլն 557 հազար դրամ, իսկ, ահա, 2021, 2022 եւ 2023 թվականներին համապատասխանաբար կազմելու է 3 մլրդ 134 մլն 553 հազար, 3 մլրդ 155 մլն 20 հազար եւ 3 մլրդ 172 մլն 525 հազար դրամ»:
3.«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր կողմից 2019թ. սեպտեմբերի 30-ին ընդունված որոշման մեջ և հաստատել Սևանա լճում սիգ ձկան արդյունագործական ձկնորսությունը:
Մասնավորապես նախատեսվում է թույլատրել տարեկան 200 տոննա սիգի որս, իսկ ձկան նվազագույն քաշը չպետք է պակաս լինի 500 գրամից: Ձկան որսը պետք է իրականացվի ցերեկային ժամերին, իսկ արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողները պետք է կնքեն համապատասխան պայմանագրեր:
Այս փոփոխության նպատակը ձկնագողության և սիգի ապօրինի որսի կանխարգելումն է, չնայած շատ դժվար է հավատալ, որ այս որոշմամբ հնարավոր կլինի ձկնորսությամբ զբաղվողներին տեղավորվել 200 տոննա չափաքանակի մեջ»:
4.«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը քննարկման է ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տուգանք սահմանել տրանսպորտային միջոցները առանց չեզոքացման համակարգի (կատալիզատորների) շահագործման համար:
Քաղաքացիների համար տուգանքը կլինի 300 հազար դրամ, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 500 հազար դրամ: Հետաքրքիրն այն է, որ տուգանք կկիրառվի 2020թ. հունվարի 1-ից հետո ներմուծված և շահագործված ավտոմեքենաների համար:
Կառավարությունը նման տուգանքի կիրառումը պայմանավորում է այն հանգամանքով, որ առանց չեզոքացման համակարգի մեքենաները մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին»:
5.«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել, որով նրանցից պահանջել են կոնկրետ գումար փոխանցել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տվել հանցագործության մասին: Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական էլ.փոստին ոմն Ալի Մուսսան նամակ է ուղարկել: Իսկ ի՞նչ է գրված եղել նամակում:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունից, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, և եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 միլիոն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, իսկ այնուհետև կսկսվի որս նրանց երեխաների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







