Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում գրանցվել է 31 ծնունդ։
«Ուզում եմ այս ժամի տեղեկատվությունը սկսել դրական լուրերով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում լույս աշխարհ են եկել բալիկներ: Այսպես՝ 31 ծնունդ է գրանցել ՀՀ-ում, որից 11-ը՝ Երևանում, 20-ը՝ մարզերում: Ըստ այդմ, Գեղարքունիքում՝ 1, Շիրակում 2, Արարատում՝ 3, Լոռիում՝ 1, Կոտայքում՝ 4, Արմավիրում՝ 3 Տավուշում՝ 1 և Սյունիքում՝ 5»,- ասել է Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ Արտաշատ համայնքում առաջիկայում սպասվում է ևս մեկ ծնունդ:
Վարչապետի մամուլի քարտուղարը նշել է նաև, որ Արարատի և Կոտայքի մարզերը հյուրընկալել են ամենաշատ թվով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ այս պահի դրությամբ առավել քան 13 հազար անձ արդեն գրանցվել է առաջնային բուժօգնության հաստատություններում:
Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







