Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ փոխվարչապետ, «Հումանիտար կենտրոն»-ի համակարգող Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, թե ինչպես կարող են ԼՂ-ից բռնի տեղահանվածները ստանալ կառավարության կողմից տրամադրվող 100 հազար դրամ աջակցությունը և ինչին է այն ուղղված։
«Ինչպե գիտենք, որ արցախցիների մեծ մասը ձեռքի տակ եղած փոխադրամիջոցով եկել, հասել է Հայաստան, և հագուստի կամ այլ առաջնահերթ կարիքներ կան: Այս դրամական աջակցությունը տրվում է իրենց հենց այդ նպատակով, որ այդ առաջնային կարիքները հոգան»,- ասել նա:
Փոխվարչապետը ներկայացրել է նաև դրամական աջակցության ստացման ընթացակարգը՝ նշելով, որ բռնի տեղահանված արցախցիների անուններով կթողարկվեն բանկային քարտեր։
«Մարզային կենտրոններում՝ ՄՍԾ-ների համապատասխան գրասենյակներում կստացվեն դիմումներ։ Շատերի վերաբերյալ արդեն անհատական հաշվառման տվյալները բազաներում կան, իսկ ումը որ չկա՝ կհաշվառենք և կարճ ժամանակամիջոցում նրանց անուններով կթողարկվեն բանկային քարտեր, որոնցով կստանան գումարը»,- հայտնել է Խաչատրյանը:
Հարցին, թե ստացվում է՝ Հայաստանի ռեսուրսները բավարար են, որ ԼՂ-ից տեղահանված ոչ մի ընտանիք անտուն չմնա, փոխվարչապետը պատասխանեց, որ խնդրի կարգավորման տարբեր եղանակներ են փորձում գտնել։
«Առաջին եղանակը մարզերում հասանելի հանգստյան տներն ու հյուրանոցներն էին, որտեղ ազատ տեղեր կային․ ամրագրել ենք դրանք ու խնդրել ազատ պահել։ Դիմում ենք նաև այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են իրենց ազատ բնակարաններն ու տները տրամադրել տեղահանվածներին»,- ասել է նա։
Խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Երևանում կեցության վայր չտրամադրելու մասին՝ Խաչատրյանը նշեց, որ մայրաքաղաքում մեկ ընտանիքի վրա ծախսվող ռեսուրսով հնարավոր է մարզերում մի քանի ընտանիքի բնակության հարցը լուծել։
Փոխվարչապետը հավելել է, որ օգնություն ստանում են բոլոր նրանք, ովքեր դիմում են այդ օգնության համար։
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78․354 անձ է ժամանել ՀՀ, ինչպես նաև տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կհատկացվի 100 հազարական դրամ՝ անկախ տարիքից և սեռային պատկանելիությունից:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







