ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի սահմանը հատել է 76 հազար 407 բռնի տեղահանված անձ, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
«Ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի սահմանը հատել է 76 հազար 407 բռնի տեղահանված անձ, Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 914 տրանսպորտային միջոց: Ժամը 19:00-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 55 հազար 248 անձ»,- ասել է նա:
Բաղդասարյանը հայտնել է, որ 17 հազար 153 անձ օգտվել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված կեցավայրերից: Նախորդ օրվա ցուցանիշը 8 հազար 36 էր: Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3 հազար 665 անձ, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 հազար 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց Ձորի մարզում՝ 1070 անձ, Տավուշի մարզում՝ 797 անձ:
Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է նաև ևս մեկ կարևոր տեղեկություն, ըստ որի՝ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հատկացնել 100 հազարական դրամ՝ անկախ նրանց տարիքից և սեռային պատկանելիությունից:
Առողջապահական տվյալներ ներկայացնելով՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ տարբեր առողջապահական հաստատություններում իրենց բուժումը շարունակում է 342 բուժառու, վերակենդանացման բաշանմունքներում գտվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է: Ընդհանուր առմամբ՝ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ, որոնք իրենց համապատասխան բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում:
Սեպտեմբերի 27-ին վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ընդհանուր առմամբ՝ օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու:
Սեպտեմբերի 26-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է, իսկ սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ վիրավորների թիվն անցնում է 200-ը։
Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







