Խորհրդարանը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է:
«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և դրանք ենթակա են լինելու քանդման` կառավարության սահմանած կարգով»,- պարզաբանել է փոխնախարարը:
Նա հավելել է, որ անձն իրավունք է ունենալու քանդել իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, իսկ ինչ վերաբերում է ուրիշի հողամասում կառուցված ինքնակամ շինությանը, ապա դա կարող է իրականացվել բացառապես դատական կարգով:
2021 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցները հաշվառման պետք է ներկայացնել (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչև 2023 թվականի հունվարի 1-ը:
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







