Չնայած ձեռնարկված քայլերին՝ Ղարաբաղում հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում լարվածությունը պահպանվում է։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերը հնարավորություն են տվել վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում։
«Սակայն, չնայած ձեռնարկված քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի շփման գծում դեռ լարվածություն կա»,- ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։
«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ապա պետք է նշեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում»,- ասել է նա։
Զասի խոսքով՝ դա, ի թիվս այլ բաների, մատնանշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի [ՆԱՏՕ] երկրների ռազմական խմբավորումների ընդլայնված ներկայությամբ, նրանց ռազմական ենթակառուցվածքի զարգացմամբ և արևմտյան սահմանների անմիջական մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







