Armenia Today-ը ներկայացնում է օրվա մամուլի ուշագրավ հրապարակումները.
«Հրապարակ» օթերթը գրում է. «Ի տարբերություն այլ մարզերի, ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի, որտեղ ՔՊ-ի պարտությունը գրեթե երաշխավորված է: ՔՊ-ում վստահ են, որ մյուս խոշորացված համայնքներում` Վեդիում, Արարատում, Արտաշատում, եթե անգամ 50+1 տոկոս չհավաքեն, ապա կոալիցիա կկազմեն Արամ Զավենիչ Սարգսյանի հետ, որի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն, և «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է գրեթե բոլոր համայնքների ընտրություններին:
Եվ քանի որ սա իշխանությունների դաշնակից Արամ Սարգսյանի հայրենի մարզն է, ՔՊ-ում հույս ունեն, որ Զավենիչը գոնե նվազագույն շեմը կհաղթահարի և իրենց համար կոալիցիոն լավ շանսեր կստեղծի:
Ինչ վերաբերում է Մասիսին, ապա այստեղ առաջադրվելու է գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով հանդես է գալու «Համբարձումյան դաշինքով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո իշխանությունների պլանները մարզերում գլխիվայր շրջվել են: Նշել էինք, որ իշխանության ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում իրական խառնաշփոթ է, և նրանք փորձում են լքել իշխանության «նավը»։
Այս առումով թերթին վերջին օրերին պարբերաբար նոր տեղեկություններ են հասնում, որ մի շարք համայնքներում վիճակն էլ ավելի է բարդացել. բանն այն է, որ իշխանության տեղական ներկայացուցիչները, նույնիսկ նրանք, որոնք անգամ պատերազմից հետո են շարունակել մնալ Նիկոլ Փաշինյանի նվիրյալներն ու տեղերում առաջատար քարոզիչները, իսկ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ «քափուքրտինք մտած» պայքարել են ՔՊ-ի համար ձայներ ապահովելու ուղղությամբ, այս օրերին խոր հիասթափություն են ապրում և դժգոհում են իշխանության վերնախավի պահվածքից ու որոշումներից։
Խոսքը վերաբերում է թե՛ համայնքների ղեկավարների մի շարք թեկնածուների ընտրությանը, որոնց հենց տեղերի կուսակցականներն են դեմ, թե՛ տեղերի կառույցների հանդեպ կուսակցական «վերնախավի» վերաբերմունքին:
Թերթի հետ զրույցում ՔՊ-ի մարզային պատասխանատուներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հիշատակվի, նշել է, թե անգամ իրենց հեռախոսազանգերին չեն պատասխանում, չեն մասնակցում տարբեր համայնքներում կազմակերպված միջոցառումներին, անգամ զոհված զինծառայողի հուշաքարի բացման միջոցառման մասնակցությունն են մերժել «վերևից»։
Նա նաև հավելեց, որ նման մոտեցումները և արդյունքում մարզային ակտիվիստների պասիվացումն, ըստ էության, բազմաթիվ բնակավայրերում կարող է հանգեցնել իշխանական թեկնածուների կրախի»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել: Շրջանառվում են Ծովինար Վարդանյանի՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գևորգ Վարդանյանի` Ժոկոյի դստեր, և Արուսյակ Ջուլհակյանի անունները:
Չնայած Արփի Դավոյանը ևս հավակնում է, սակայն նրա թեկնածությունը համարում են ի սկզբանե մերժված, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան կտրականապես դեմ կլինի:
Բանն այն է, որ ժամանակին, երբ ՔՊ վարչությունում քննարկվել է Սիմոնյանի` ԱԺ նախագահ դառնալու հարցը, Արփի Դավոյանը կատաղի կերպով մաքառել է՝ դրա դեմն առնելու համար, բայց չի կարողացել: Իսկ ՔՊ խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցում ԱԺ նախագահի կարծիքը վճռորոշ է: ՔՊ թիմի վերաբերմունքն էլ Դավոյանի նկատմամբ դրական չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շուտով կլրանա մի խումբ երիտասարդների կողմից կառավարության շենք ներխուժելու դեպքի մեկ տարին, սակայն ԱԱԾ-ում այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շրջանում քննիչները բազմաթիվ մարդկանց մասով դիմել են դատախազներին եւ խնդրել երկարացնել նախաքննության ժամկետը, սակայն միևնույն ժամանակ մի քանի դեպքում էլ նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարաններ։
Այսինքն՝ տասը օրից լրանում է այդ դեպքերի մեկ տարին, սակայն դեպքերի քննությամբ որևէ տեղաշարժ առկա չէ, և հարուցված քրեական գործը դոփում է տեղում. պատճառաբանություն են բերվում քննչական գործողությունները, նախաքննության ավարտ չի հայտարարվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







