ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքով՝ մեր երկիրը շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Նա նշեց, որ նախագծով սահմանվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից լիազոր մարմնի հանձնարարականների ստացման մասին հաճախորդիներին կամ այլ անձանց հայտնելու արգելքը: Նշված դրույթի նախատեսումն ուղղված է լիազոր մարմնի հանձնարարականների, այդ թվում` կասկածների չբացահայտման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը:
Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների շարքից հանվել եւ վերապահվել է կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու իրավասությունը` հաշվի առնելով միջոցների հնարավոր արտահոսքի կանխարգելման առավել արդյունավետ իրականացման, այդ թվում` քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցության շրջանակում քրեական գործի հարուցման եւ գույքի վրա կալանք դնելու հետագա գործընթացին արագ օժանդակելու անհրաժեշտությունը:
Հստակեցվել են գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու կամ դադարեցնելու դրույթները, ներառյալ` ընթացիկ պատշաճ ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում գործարար հարաբերության դադարեցման պահանջի հետ կապված: Լրացուցիչ կարգավորման են ենթարկվել քրեական հետապնդման մարմիններին տեղեկությունների տրամադրմանն առնչվող հարաբերությունները:
ՀՀ ԿԲ փոխնախագահի հավաստմամբ` նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել ոլորտի օրենսդրության պահանջների կիրարկման պրակտիկան:
Պատգամավորները բարձրաձայնեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին ՓԼ/ԱՖ դեմ պայքարում ժամանակակից օրենսդրության ներդրումը ՀՀ-ում, միջազգային կառույցների եւ ԵԱՏՄ երկրների հետ գործակցությանը:
Ի պատասխան` Ներսես Երիցյանը նշեց, որ Ռուսաստանն ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում լրջագույն դերակատարում ունի: Բարձր ցուցանիշներ է գրանցել նաեւ հարեւան Վրաստանը:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







