Իջևանցիներն այսօր մոտ 20-30 րոպեով փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։ Թեպետ այժմ ճանապարհը բաց է, բայց նրանք չբացառեցին նորից նման մեթոդների դիմելու հնարավորությունը։
Իջևանցիների պահանջը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հանդիպելն էր, ինչը պայմանավորված է վերջին օրերին Տավուշի շուրջ պտտվող մի շարք տեղեկություններով։
Նշենք, որ մարտի 7-ին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը չափման աշխատանքներ է իրականացրել շրջանի գյուղերից մեկի տարածքում: Այս տեղեկությունը հետագայում հերքել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և Տավուշի մարզպետը:
«Պարզաբանում ենք ուզում Տավուշի մարզպետից, ուզում ենք հասկանալ՝ մեր հողերի ճակատագիրն ինչ է լինելու, քանի որ այսօր կա մտահոգություն, որ այդ տարածքները կարող են հանձնվել թշնամուն։ Ուզում ենք հասկանալ՝ մարզպետի ասած Տավուշի մարզն ու մեր պատկերացրած Տավուշը նո՞ւյնն է, թե՞ ոչ»,-ասել էր ճանապարհը փակող քաղաքացիներից մեկն ու նշել, որ շարունակելու են փակել ճանապարհն այնքան ժամանակ, մինչև մարզպետը գա ու հանրային կերպով իրենց պարզաբանում տա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







