Աբովյանի թիվ 1 դպրոցում այսօր` փետրվարի 8-ին, կրկին դասադուլ և գործադուլ է, աշակերտներն ու ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Վերջինս դպրոց մտնելուն պես հայտարարեց, որ չի պատրաստվում իր իրավունքներից հրաժարվել։
«Դուք իրավունք չունեք խաթարել կրթական պրոցեսը։ Այսօր մեզ համար գերակա խնդիր է՝ վերսկսել կրթական գործընթացը»,- ասաց նորանշանակ տնօրենը և հեռացավ։
Ուսուցիչներից մեկը հայտարարեց, որ իրենք մարտական են տրամադրված։
Աշակերտները «Բա–բա–յան» վանկարկումներով շարունակում են բողոքը:
«Աշակերտները պաստառներ են պատրաստել «Տնօրեն, Բաբայան» գրվածքներով, որոնցից մի քանիսը նոր տնօրենը պատռել է, սակայն պատերին դրանք դեռ փակցվում են, իսկ Առաքելյանը դպրոց է գալիս այս պաստառներին նայելով և իրականության հետ բախվելով»,- ասաց ուսուցիչներից մեկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթող չէր հաստատվել, այդ պատճառով դպրոցի տնօրեն նշանակել է ԿԳՄՍ նախարարը՝ նույն քաղաքի 10-րդ ավագ դպրոցի ուսուցիչներից մեկին։
Դպրոցի անձնակազմն ու աշակերտները նախ հավաքվել էին ԿԳՄՍ շենքի դիմաց՝ պահանջելով, որ նախարարը փոխի որոշումը, ապա սկսել դասադուլ և գործադուլ։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայիս Շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի շրջապատից է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







