Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։ Այս մասին հայտնեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։
Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև տեսչական ստուգումների անցկացման մեթոդաբանության հիմնական բաղադրիչները, Ծառայության կողմից իրականացվող համալիր բարեփոխումների համատեքստում հանրային իրազեկվածության բարձրացման, թվային գործիքների մշակման, օրենսդրական փոփոխությունների, որակյալ կադրային բազայի ձևավորման ուղղությամբ արված աշխատանքների արդյունքային ցուցանիշները։
Հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիսավորությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Հայոց բանակի տոնին ընդառաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալագրեր են հանձնվել Ծառայության տարբեր բաժինների աշխատակիցներին։
Կենտրոնական մարմնի լավագույն բաժին է ճանաչվել Ընդհանուր բաժինը, իսկ տարածքային՝ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժինը։
Խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողը հույս է հայտնել, որ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ հարկադիր կատարողներն իրենց լիազորությունների ողջ ծավալով, ներքին կարգապահությամբ, քաղաքացիների հետ շփումներում այսուհետ ևս կշարունակեն բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ բարձր դասելով Ծառայության շահը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







