Ադրբեջանի նախագահը [և իշխանության մյուս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը»,-ընդգծել է Թաթոյանը:
Ըստ նրա՝ սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:
«Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է…այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն)», — նշել է Թաթոյանը՝ ակնհայտ համարելով, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:
ՄԻՊ-ը ադրբեջանական քարոզչության մի շարք հրապարակումներ է ներկայացրել, որոնք, ըստ նրա, զետեղված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







