Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:21

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի մտավորական, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին, որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Զավեն Սարգսյանը 1960-1970-ական թվականների ազգային-մոդեռնիստական հայացքները կրող առաջադեմ սերնդի ներկայացուցիչներից էր, որոնք նոր շունչ հաղորդեցին հայկական մշակութային միջավայրին՝ ուղենշելով ստեղծագործական ազատության և զարգացման նոր ուղիներ: Նա «Երազողներ» առաջին հայկական ռոք խմբի համահիմնադիր-մենակատարն էր:

Լուսանկարչությամբ սկսել է զբաղվել երիտասարդ տարիքից: Հանդիպումը հռչակավոր կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի հետ շրջադարձային էր երիտասարդ լուսանկարչի համար, որը պետք դառնար Փարաջանովի անձնական լուսանկարիչն ու կենսագիրը՝ կարևոր ներդրում ունենալով նրա կյանքի և ստեղծագործության համաշխարհայնացման գործում: 

1988 թվականին Զավեն Սարգսյանի անմիջական ջանքերով Երևանում հիմնադրվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որ բացվում է 1991 թվականին: Նա ղեկավարում էր թանգարանը հիմնադրումից առ այսօր: Զավեն Սարգսյանը նաև հայկական վավերագիր և գեղարվեստական լուսանկարչության վառ ներկայացուցիչներից է: Հատկապես, անգնահատելի է նրա ներդրումը հայկական պատմամշակութային ճարտարապետական կոթողների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների վավերագրման գործում: «Հայաստանը և՛ Վանա լիճն է, և՛ Եփրատ գետը, և՛ Տիգրիսը, և՛ Սեպուհ սարն ու Արածանին»,- իր հարցազրույցներից մեկում նշում է արվեստագետը: Այսօր առավել քան արդիական, նա իր լուսանկարներում փորձում էր ամբողջացնել հայկական մշակութային ինքնության հետագիծը:

Զավեն Սարգսյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում: Զավեն Սարգսյանը 2008 թվականին արժանացել է Ֆրանսիայի արվեստի և գրականության ասպետի շքանշանի, 2011 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է:

Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-14:00-ը, նույն վայրում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+