Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի միջև Տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրման նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրության վավերացմանը:
«Նման արձանագրություն ունեցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատման գործընթացը սահուն իրականացնելու համար։ Վրաստանի հետ արձանագրությունը ստորագրվել է 2013 թվականի հունվարին Երևանում ստորագրված Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև սահմանային անցակետերի օգտագործման համաձայնագրի դրույթների հիման վրա»,- ասել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը։
Արձանագրությամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման արդյունավետ և արագ իրականացման, ինչպես նաև՝ առևտրի անվտանգության ապահովման և առտրային հարաբերությունների ամրապնդման համար:
Փաստաթղթով նախատեսված է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ էլեկտրոնային տվյալների մշակման և նախնական փոխանակման հնարավորություն:
«Ընդ որում կողմերն են պատասխանատու՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ընթացքում ուղղակիորեն ստացված նախնական էլեկտրոնային տվյալների մշակման, փոխանակման համար՝ կողմերից մեկի պետության տարածքից ապրանքներ և տրանսպորտային միջոցներ դուրս բերելիս, մինչև նրանց մյուս կողմից պետության տարածք մուտք գործելը»,- հայտարարել է Փաշայանըվ Նա նաև նշել է, որ արձանագրությամբ նախատեսվում է արտահանման կամ տարանցման նպատակով արտահանվող բոլոր ապրանքների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրում՝ ռիսկերի գնահատման համակարգի գործարկման համար։ Եթե կոնկրետ ընկերության կամ ապրանքների կատեգորիայի գծով համակարգը կանաչ միջանցք տա, սահմանը հատելու և մաքսազերծման ընթացակարգը կիրականացվի հաշված րոպեների ընթացքում»։
Արձանագրությունը վավերացվել է տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից․ դեմ և ձեռնպահ ձայներ չկային։
Նշենք, որ նախագծի քննարկմանը զուգահեռ՝ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում՝ տեղում հետևելու կառույցի աշխատանքներին:
Էդվարդ Հովհաննիսյանը Բագրատաշենի մաքսակետում հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների կազմակերպման գործընթացով: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է համավարակի պայմաններում գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը, տնտեսվարողներին արագ և որակյալ ծառայությունների մատուցումը: Բագրատաշենի մաքսակետում Էդվարդ Հովհաննիսյանը շրջել է մանրակրկիտ զննման մասնաշենքում, ծանոթացել մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, հետաքրքրվել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:
Կառույցի պատասխանատուների և աշխատակիցների հետ տեղում քննարկվել են մաքսային ձևակերպումների արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է քաղաքացիներին սպասարկել արագ և որակով՝ բացառելով հնարավոր դժգոհությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







