Գեղարքունիքի մարզում աստիճանաբար ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ մարզում ցանված 10 հազար 523 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձված է շուրջ 9500 հեկտարը:
Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Մարզում 450 հեկտար տարածք զբաղեցնող աշնանացան ցորենի արտերից հնձված է 400 հեկտարը՝ 14,3 ցենտներ միջին բերքատվությամբ: Այս տարի 11 հազար 452 հեկտար զբաղեցրել են գարու արտերը, որոնցից հնձված է շուրջ 10 հազար հեկտարը:
«Բերքահավաքն այժմ ընթանում է բարձրադիր գոտու արտերում: Մինչև սեպտեմբերի կեսերը այն կավարտվի, բնականաբար՝ չգոհացնող արդյունքներով: Ցածր արդյունքների հիմնական պատճառներից մեկն անբարենպաստ եղանակն էր: Սակայն զգացվում էր նաև բարձրորակ սերմացուների պակասը, որը շատ տնտեսությունների համար դեռեւս քիչ հասանելի էր: Այժմ արդեն բարձրորակ սերմացուների ձեռքբերումը պետության կողմից սուբսիդավորվում է, և կա հնարավորություն, որ այս աշնանը հողին պահ տրվեն ավելի բերքատու և կենսունակ սերմեր: Ի տարբերություն ցածր արդյունքների, այս տարի բարձր բերք է ստացվել Ծովագյուղի հացահատիկի որոշ ցանքերից:
«Ծովի դուզ» և «Շիրինբուլախ» կոչվող տարածքներում ցանված շուրջ 32 հեկտար հացահատիկի արտերից աննախադեպ բարձր բերք է հավաքվել: Այս տեղերում աշնանացան ցորենի արտերի 1 հեկտարից հավաքվել է մինչև 75, գարու արտերի 1 հեկտարից՝ մինչև 37 ցենտներ բերք, որը երկու-երեք անգամ գերազանցել է մարզի տարեկան միջին արդյունքները: Կարծում ենք, որ բարձր բերքատվությանը նպաստել են ամռան ընթացքում տեղացած անձրևները, նաև ՝ հողին պահ տրված որակյալ սերմացուները, որոնք տնտեսությունները ձեռք են բերել Գեղարքունիքի մարզպետարանի և Ծովագյուղի գյուղապետարանի համագործակցության արդյունքում»,-տեղեկացրին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







