Հայաստանում շինարարությունն անկում է գրանցել՝ չնայած նրան, որ դեռ նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց շինարարական «բումի» մասին։
Հանրապետության տարբեր վայրերում տարատեսակ շինարարական աշխատանքներ են մեկնարկել։ Պետական մակարդակով ասֆալտապատման, ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքներ են ընթանում։
Այս տարի, սակայն, պատկերն այլ է։ Միայն թե, շինարարության ոլորտում խոստացված «բումը» դեռ չկա։ Սրա մասին են վկայում թերևս պաշտոնական տվյալները։
Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում շարունակվում են անկումային ցուցանիշներ գրանցվել, բայց ուշագրավ է, որ ցածր ցուցանիշներով աչքի է ընկնում հատկապես շինարարության ոլորտը։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։
Շինարարության ծավալների անկումը շարունակվել է նաև այս տարվա հուլիսին, երբ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 19,5 %:
Ի տարբերություն մյուս ոլորտների՝ շինարարության ոլորտում անկման տեմպերը հուլիսին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ դանդաղել են: Այնուամենայնիվ, շինարարության ծավալները շարունակվում են զգալիորեն կրճատվել:
Այս համատեքստում հարկ է նկատել, որ շինարարությունը տնտեսության կարևոր ճյուղերից է, իսկ շինարարական աշխատանքների ծավալներն իրենց դրական մեծ ազդեցությունն են ունենում տնտեսության զարգացման ու սոցիալական ապահովության վրա:
Վերջին 6 ամիսներին ՀՆԱ-ի 5.71 % անկում է եղել։ Եթե ծախսային տեսակետից ենք նայում, ապա հիմնականում այդ անկումը 1,50 %-ով պայամանավորված է շինարարության անկմամբ։
Շինարարությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է, որը մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ է ապահովում։
Հուլիսից նոր թափ են հավաքել
«Ավետիսյան Քոնսթրաքշն» շինարարական ընկերության տնօրեն Մուշեղ Ավետիսյանը Armenia Today-ի հետ զրույցում հակառակն է փաստում։ Նրա պնդմամբ՝ այս տարի էլ ակտիվ շինարարություն է կատարվում։ Բացատրում է, թե ինչու է վիճակագրությամբ շինարարությունն անկում ապրել։ Ապրիլ- մայիս ամիսներին շինարարությունը կանգ է առել։ Դա պայմանավորված էր կորոնավիրուսով։
«Ամենաշատը տուժեց հենց շինարարությունը, որը նախորդ տարի լուրջ տեմպեր ուներ։ Այս պահին ևս բավականին մեծ «բում» է։ Մեկ ամիս ամբողջությամբ չենք աշխատել՝ կանգնել ենք։ Ցանկացած բան երբ կանգնում է և հետո սկսում աշխատել՝ կրկին մեկ ամիս տեմպը շատ թույլ է լինում։ Մինչև մայիսի կեսերը մեզ մոտ շատ պասիվ էին աշխատանքները։ Այն պատվերները, որոնք ունեինք, միայն դա էինք կատարում։ Նորը սկսելու մասին խոսք չկար։ Թղթաբանական աշխատանքները նաև չէինք կարողանում կատարել։ Հիմա նոր- նոր ամեն ինչ ընկել է հունի մեջ»,- ավելացրեց նա։
Գործը վերսկսել են և այն էլ մեծ թափով։ «Ավետիսյան Քոնսթրաքշնը» 4 օրվա ընթացքում 4 նոր գործ է վերցրել։ Տարբեր նշանակության կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարելու։
«Աշխատանքները կուտակվել էին, և դրա համար այսպես բուռն կերպով են հիմա աշխատում։ Վիճակագրությունը նախորդ ամիսների մասով է, երբ շինարարական աշխատանքները կանգնած են եղել։ Հունվար- փետրվար ամիսներն էլ են շատ պասիվ եղել շինարարության համար։ Մարտից պետք է աշխատանքները սկսվեր, բայց վիրուսի պատճառով չկատարվեցին։ Մինչ մայիս ոչ մի նոր շինարարություն չի սկսվել, հներն էլ կիսատ- պռատ են կատարվել»,- բացատրեց ոլորտի ներկայացուցիչը։
Համոզված է՝ տարվա երրորդ եռամսյակում տվյալները կվերականգնվեն․ շինարարության նվազած թվերը կաճեն։ Մուշեղ Ավետիսյանի խոսքով՝ հուլիսից նոր սկսվել են կառուցապատման աշխատանքները։ Ասում է՝ արդյունքը երկար սպասեցնել չի տա ոչ միայն վիճակագրության հարցում, այլ՝ կհամոզվենք ամենուրեք տեսնելով և լսելով շինարարական գործիքների ձայները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







