Արտերկրյա հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ նախագահի երեկ ստորագրած օրենքի կապակցությամբ կարծիքներ են հնչել, որ այն սահմանափակելու է մասնավորապես ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում:
ՀՀ նախագահի աշխատակազմից վստահեցրել են, որ օրենքն առերևույթ սահմանադրականության խնդիր չունի, և մինչ օրենքի ստորագրումը հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել շահագրգիռ կողմերի հետ:
Օրենքի շուրջ երկխոսություն է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչների հետ:
«Հանրապետության նախագահը կարևորել է օրենքի անցումային դրույթներով նախատեսված գործողությունները, մասնավորապես՝ համապատասխան միջկառավարական պայմանագրերի կնքում, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում (որոնց հիման վրա էլ պետք է կատարվի արտերկրյա հեռուստաալիքների, այդ թվում՝ նաեւ ռուսական հաղորդումների հեռարձակումը), և անհրաժեշտ համարել դրանց ժամանակին և հստակ իրականացումը, ինչը բխում է մեր պետական շահերից:
Նշելով, որ առկա խնդիրները պետք է կարգավորվեն քննարկումների և միջկառավարական պայմանագրերի/համաձայնագրերի միջոցով, հանրապետության նախագահը կարևոր է համարել արդեն իսկ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ և հիշյալ պայմանագրերի /համաձայնագրերի ստորագրումը և վավերացումն ավարտել մինչև այս տարեվերջ»,- նշվում է լրատվամիջոցի պատասխան գրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







