Կորոնավիուսային համաճարակը բարեբախտաբար շարունակվում է բարելավվել ՀՀ-ում, և օգոստոսի 4-ին՝ հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված ակտիվ դեպքերի թիվը պակաս է 8000-ից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ բոլոր ցուցանիշների գծով մոտենում ենք մայիսի վերջին ու հունիսի առաջին շաբաթն արձանագրված ցուցանիշների մակարդակին, բայց խնդիրն այն է, որ կան վատ լուրեր։
«Վատ լուրն այն է, որ թվերի անկումը, մեր քաղաքացիները թվերի այս անկումը մեկնաբանում են որպես հակահամաճարային կանոնները չպահպանելու առիթ, և նույնիսկ շատերին թվում է, որ կորոնավիրուսային իրավիճակը հաղթահարված է»,- ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշեց, որ, այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակը շարունակում է բարդ լինել, և եթե այս իրավիճակին արձագանքը չլինի համարժեք, կարող ենք իրավիճակը նորից հետ գլորել հուլիսի առաջին շաբաթ արձանագրված մակարդակին, որը համաճարակային իրավիճակի գագաթնակետն էր։
Ըստ վարչապետի՝ գտնվում ենք այն նույն վտանգներին հանդիման, ինչին գտնվում էինք մայիսի կեսերին և ակնկալում էինք, որ համաճարակի դեմ ապակենտրոն պայքարը կարող էր արդյունք տալ, որն այդքան էլ արդյունավետ չէր։
Վարչապետը նշեց, որ լավատեսության ֆոնին պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։
«Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս իրավիճակը, և դա կախված է մեզնից յուրաքանչյուրից, ու պետք է նախանձախնդիր լինենք այդ հարցում»,- ասաց վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







