ԳԹԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թ․ ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ, միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բուհեր հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը նշել է, որ երեկ ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, մրցույթի արդյունքով բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ։
«Ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդից դրական գնահատական ստացած և բուհ չընդունված դիմորդների թիվը 223 է։ Նրանք հնարավորություն ունեն սեպտեմբերին՝ հեռակա ուսուցման ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր, և այն համակարգը, որ մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ նրանք կարող են չընդունվել»,- հայտնել է նախարարը։
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև այն դիմորդներին, որոնք գերազանց գնահատական են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել։
«Այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել են իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, և 6-ից արձագանքել է 4 դիմորդ․ այդ 4 դիմորդն արդեն, ըստ էության, ուսանող է»,- հայտնել է նախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







