Տավուշի սահմանային գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը։
Ստորև՝ հայտարարությունը․
«Արդրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը:
Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող սրված իրավիճակով, որը 2020 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզում ադրբեջանական ռազմական սադրանքի հետևանք է: Այն արդեն հանգեցրել է ողբերգական մարդկային կորստների՝ երկու կողմերից:
Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը չափազանց մտահոգիչ են: Ուստի անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին և անցնել անկեղծ երկխոսության: Պետք է նաև վերջ տալ պատերազմապաշտական հռետորաբանությանը ու ատելության խոսքին, որը հատկապես ուժգին է Ադրբեջանում:
Կցանկանայինք նաև շեշտել վստահության ամրապնդման միջոցների կիրառման անհրաժեշտությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած առաջարկները, ինչպիսիք են՝ դիպուկահարների դուրս բերումը շփման գծից, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի կիրառումը և
ԵԱՀԿ դիտորդների դերի ընդլայնումը:
Ադրբեջանը պետք է հետևի Հայաստանի օրինակին, որն արդեն ընդունել է այս միջոցները, և կիրառի դրանք: Արցախյան հակամարտության խաղաղ լուծման համար այլընտրանք չի կարող լինել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







